Հերթական ուղիղ կապը արտերկրի մեր հայրենակիցների հետ՝ skype-ի միջոցով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 28-ին ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը սկայպի միջոցով հերթական անգամ պատասխանեց արտերկրում ապրող մեր հայրենակիցների հարցերին: Հարցերը, ինչպես միշտ, տարաբնույթ էին:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող մեր հայրենակիցն, օրինակ, ցանկանում էր տեղեկանալ, թե այլ երկրում գտնվելու դեպքում անձնագրավորվելիս պարտադի՞ր է նույնականացման քարտ ստանալը:
Նրան պարզաբանվեց, որ նույնականացման քարտ ստանալու դիմումներն ընդունվում են միայն Հայաստանի Հանրապետությունում. այլ պետությունում գտնվելու դեպքում կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր ստանալու դիմումներն ընդունվում են առանց նույնականացման քարտի:
Իր հարցի պատասխանը ստացավ նաեւ արտերկրում գտնվող մեր մեկ այլ հայրենակից. նրան հետաքրքրում էր, թե դիմում ներկայացնելուց հետո ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար ինչ ժամկետ է նախատեսված:
Մեր մյուս հայրենակցի հարցը վերաբերում էր որդուն, որը հաշվառված է Ղրիմում եւ ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագիր: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ այլ պետության քաղաքացիություն ունենալու վերաբերյալ ՌԴ իրավասու մարմիններին տեղեկացնելու կարգը, ինչը եւ պարզաբանվեց նրան:
Գործող կարգը պարզաբանվեց նաեւ մեր մեկ այլ հայրենակցի. Վրաստանում գտնվող նրա քույրը ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն նրա անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետն ավարտվել է, նա չունի նաեւ հաշվառում:
Ոստիկանության ներկայացուցչին ուղղված բոլոր հարցերին տրվեց հստակ պատասխան:
Սկայպի միջոցով հաջորդ կապը նոյեմբերի 4-ին է՝ Երեւանի ժամանակով ժամը 10-ից 12-ը:
Հիշեցնենք, որ արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով ամեն երեքշաբթի կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, qartugharutyun@police.am էլեկտրոնային հասցեներին: