Ոստիկանները առգրավեցին հերթական մահաբեր խմբաքանակը
Փետրվարի 18-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Դավիթաշեն թաղամասի Ս. Պետրոսյան փողոցի սկզբնամասից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Գ.-ին, 1991 թ. ծնված Ակսել Ա.-ին և 1990 թ. ծնված Հայրապետ Ե.-ին:
Խուզարկությամբ Հայրապետ Ե.-ի գրպանից հայտնաբերվել է 1.2 գ կանեփանման զանգված, Ակսել Ա.-ի գրպանից՝ 3 փաթեթ՝ 3.6 գ նույնանման զանգվածով, իսկ Արմեն Գ.-ի ափի միջից՝ ՀԴՄ կտրոնի մեջ փաթեթավորված նույնանման զանգված:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները պարզել են, որ թմրամիջոցը Հայրապետ Ե.-ին և Ակսել Ա.-ին իրացրել է Արմեն Գ.-ն` 1 փաթեթը` 10.000 դրամով:
Արմեն Գ.-ն իր հերթին նշված թմրամիջոցը նույն գումարով ձեռք է բերել 1971 թ. ծնված Բաբկեն Ա.-ից, որը փետրվարի 18-ին, ժամը 23.45-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն:
Խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: