Գեղարքունիքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ
Հոկտեմբերի 12-ին, կեսօրին մոտ, Սևան քաղաքում ծառայություն իրականացնող պարեկները Չարենցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21104» մակնիշի մի մեքենա, որի 22-ամյա վարորդը փաստաթղթերի հետ գրպանից հանել է կաթուցիչ, որը կրկին թաքցրել է գրպանում: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել ու, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա վերարկուի գրպանում մոխրացած հետքերով կաթուցիչը հայտնաբերվել է: Ըստ երիտասարդի` այն իրենն է, մոտ մեկ տարի առաջ դրանով օգտագործել է թմրանյութ ու կաթուցիչը մոռացել-թողել է վերարկուի գրպանում:
Նշանակվել է փորձաքննություն:
Նման մի դեպք էլ, դարձյալ Սևան քաղաքում, արձանագրվեց հոկտեմբերի 17-ին:
Առավոտյան ժամը 4-ին մոտ, Շինարարների փողոցում Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ԳԱԶ-31105» մակնիշի մի մեքենա. սևանցի 19-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարք: Վարորդն ու չորս ուղևորները, բոլորն էլ 18-20 տարեկան, տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժին: Անձնական խուզարկությամբ 19-ամյա սևացու մոտ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, մեջը` մոխրացած հետքերով կաթուցիչ:
Երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են: