ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

01.03.2014 19:51 Պարզաբանում
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Yerkir.am կայքն իր ընթերցողին «ուրախացրել է» ոստիկանության լրատվականի «կիքսը» բռնելով և իր չիմացության պատճառով իսկական «կիքսի» մեջ է ընկել: 
Հիշյալ կայքը օրեր առաջ գրավոր հարցում է արել ոստիկանության ՀԿԼ վարչությանը՝ խնդրելով 2008-2014 թթ. կատարված հանցագործությունների և բացահայտված հանցագործությունների թվաքանակը: Հարցմանը պատշաճ կերպով պատասխանվել է՝ բացատրելով նաև վերջին տարիներին գրանցվա՛ծ  հանցագործությունների աճի պատճառը. «Հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճի բացառման և քողարկված բնույթ կրող հանցագործությունների հայտնաբերման ուղղությամբ ՀՀ ոստիկանության կողմից կատարված աշխատանքները մեծապես նպաստել են վերջին տարիներին հանրապետությունում գրանցված  հանցագործությունների թվաքանակի աճին»: 
Սևով սպիտակին գրված է ու թվում էր՝ տարընթերցման առիթ չպիտի տա, սակայն չհասկացողների համար կրկին ու վանկ առ վանկ բացատրենք. աճել է ոչ թե հանցագործությունների թիվը, այլ՝ գրանցվա՛ծ հանցագործությունների թիվը, քանի որ ներկայումս չեն թաքցվում, գրանցվում են բոլոր հանցագործությունները, ինչը նախորդ տարիներին գոյություն ունեցած՝ հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր գործելաոճի վերացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքն է: 
Հիմա հասկանալի՞ Է: Ո՞չ: Առավել մանրամասնենք. կատարված հանցագործությունները նախկինում որոշ ծառայողների կողմից պաշտոնապես չէին գրանցվում՝ վիճակագրությունը «դրական» ներկայացնելու համար: Ոստիկանության ղեկավարությունն այս տարիներին խնդիր է դրել՝ բացառել այդ արատավոր մոտեցումը, ինչի արդյունքում հանցագործությունների թվային  աճ է գրանցվել: Ավելին՝ որոշ ոստիկաններ քրեական պատասխանատվության են ենթարկվել հանցագործությունների դեպքերը չգրանցելու համար: Եթե այսուհետ էլ նման դեպքեր բացահայտվեն՝ հավաստիացնում ենք, որ մեղավորները կպատժվեն խստագույնս:
Հիմա դառնանք «կիքսոտվելու» վտանգին: 
Բարի, գործընկերային խորհուրդ Yerkir.am-ին. տղե՛րք, նաև աղջիկնե՛ր, չիմանալը մեղք չի, չսովորելն ու չիմացածի մասին ինքնավստահ աղաղակելն է մեղք, իսկ սեփական անգիտությունն ուրիշին վերագրելը  պարզապես բարոյական չէ: Նորից ենք խնդրում. եթե որևէ բան չեք հասկանում՝ դիմեք, կբացատրե՛նք: