«ՈՒԱԶ»-ի ուղևորը հայտնվեց ոստիկանությունում
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կումայրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Գյումրիի Գորկու փողոցի թիվ 107 շենքի դիմացից՝ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Արա Խ.-ին և ուղևոր, 1985 թ. ծնված Արտաշ Ա.-ին:
Խուզարկությամբ Արտաշ Ա.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է թղթե 2 փաթեթ, որից մեկի մեջ առկա էր 2.7 գ չորացված, մանրացված, կանեփանման զանգված, իսկ մյուսի մեջ՝ 1.6 գ շականակագույն զանգված:
Արտաշ Ա.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն և մարիխուանա տեսակի խոտաբույս է, որը հավաքել է Ազատան գյուղի տարածքից` ծխելու միջոցով օգտագործելու համար, իսկ մյուս փաթեթի պարունակությունը կանեփ բուսատեսակի և լուծիչի միջոցով պատրաստված թմրանյութ է, որը պատրաստել է իրենց տան բակում:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: