Փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրամիության պատվիրակությանը
24.02.2012 15:36
Ընդունելություններ
2012 թ. փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և նրան ուղեկցող անձանց:
Շնորհավորելով հյուրին նշանակաման կապակցությամբ` Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց Եվրամիության հետ տարեցտարի խորացող համագործակցության վերաբերյալ և նշեց, որ փոխգործակցությունը համահունչ է է Հայաստանի ոստիկանությունում ընթացող ծավալուն բարեփոխումներին: Ոստիկանության պետը ներկայացրեց արդեն իսկ իրականացված փոփոխությունները` առանձնացնելով կենտրոնական ապարատի կադրերի օպտիմալացումը, աշխատանքի ակտիվացումը համայնքներում, տեսախցիկների և արագաչափ սարքերի միջոցով երթևեկության վերահսկումը, պարեկային ծառայության կազմավորումը, նախկին տարիներին կատարված հանցագործությունների բացահայտման գործընթացը և այլ ուղղություններ:
Տրայան Հրիսթեան փոխադարձելով շնորհավորանքը` բարձր գնահատեց այն կամքն ու վճռականությունը, որ ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դրսևորում է արդիական իրավապահ համակարգ ձևավորելու գործում:
Եվրամիության պատվիրակության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի:
Ընդծելով հասարակության հետ տարվող աշխատանքը` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ դա ամենօրյա գործընթաց է, աշխատանք է տարվում նաև անձնակազմի հետ, կազմակերպվում են դասընթացներ, արդիականացվում է օրենսդրական բազան, ինչը վստահություն է ներշնչում, որ հասարակություն-ոստիկանություն կապն ավելի կսերտանա, իսկ առաջիկա համապետական ընտրությունների ժամանակ ոստիկանությունը հավուր պատշաճի կկատարի հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: