«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ի դրությամբ
23.08.2013 18:55
Արձանագրված դեպքեր
Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 5-ից 25-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:
Միջոցառման նպատակն է՝ հայտնաբերել և այրելու միջոցով ոչնչացնել վայրի աճած, կամ ապօրինի աճեցված կանեփի ու կակաչի բույսերը, ինչպես և հայտնաբերել, բացահայտել և կանխել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը պատշաճ ձևով կազմակերպելու և իրականացնելու նպատակով ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններում ստեղծվել են օպերատիվ շտաբներ, որոնց պատասխանատուներ են նշանակվել ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության ծառայողները և ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի հուլիսի 30-ի հրամանով գործուղվել մարզեր:
Ձեռնարկված համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումների, կազմակերպված ծավալուն գործողությունների և ստացված տեղեկությունների արագ իրացման շնորհիվ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները կարողացան կարճ ժամանակում ցանկալի արդյունքներ արձանագրել:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 22-ի դրությամբ հայտնաբերվել և այրելու միջոցով ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 75 տոննա կանաչ զանգված: Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների անօրինական շրջանառության հետ կապված հանցագործության 71 դեպք, առգրավվել են մոտ 3 կգ «մարիխուանա», ավելի քան 1,5 մլ «սուբոտեքս» և նույնքան էլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոցի զանգվածներ, 43.5 գրամ «ափիոն» և հոգեմետ 24 դեղամիջոց:
Տնամերձ 140 հողամասից հայտնաբերվել և առգրավվել են նաև ապօրինի աճեցված ու մշակված մոտ երեք տոննա կանեփի թփեր:
Բացի ապօրինի թմրամիջոցներից, խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են 6 ակոսավոր հրացան, տարբեր տրամաչափի 415 փամփուշտ, 4 նռնակ և 5 միավոր սառը զենք:
Նշված փաստերով հարուցվել է 35 քրեական գործ, 5 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության, 175 դեպքով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացքը կլուծվի փորձաքննության արդյունքներով: