Բնակարանում թմրամոլներ էին հավաքվել
Ապրիլի 25-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի Իսահակյան 1-ին նրբանցքի 9 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ են հավաքված, և վիճաբանության ձայներ են լսվում:
Մեկնած օպերատիվ խումբը 1965 թ. ծնված Սերոբ Մ.-ի բնակարանի փակ պատշգամբի պահարանի վրա հայտնաբերել է ալյումինե տարա, յոդի դատարկ ապակյա տարա, 3 լուցկու տուփ, 1 տուփ սոդա, 10 մլ տարողությամբ ներարկիչ՝ 2,5 մլ դեղնագորշավուն հեղուկով:
Սերոբ Մ.-ի բնակարանում գտնվող ընկերը` 1973 թ. ծնված Նորայր Զ.-ն, հայտարարել է, որ նշվածը պատկանում է իրեն, որոնցով ինքը պատրաստել է ներարկիչի մեջ առկա թմրամիջոցը, որպեսզի ներարկելու միջոցով գործածի:
Նշված բնակարանի փակ պատշգամբից հայտնաբերվել է նաև 3 լուցկու տուփ, դատարկ ապակյա տարա, բամբակե տուփ, տուփի մեջ կիսով չափ լցված կերակրի աղ, 20 մլ տարողությանբ ներարկիչ` 10 մլ դեղնագորշավուն հեղուկով:
Սերոբ Մ.-ի բնակարանում գտնվող մյուս ընկերը` 1964 թ. ծնված Արթուր Մ.-ն, հայտարարել է, որ նշվածը պատկանում է իրեն, որոնցով ինքը պատրաստել է ներարկչի մեջ առկա թմրամիջոցը, որպեսզի ներարկելու միջոցով գործածի:
Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: