Բացահայտվել և կանխվել է 3 կիլոգրամ «Կոկաինը» Հայաստան ներկրելու դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ի, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի, ուղևորային մաքսային հսկողության բաժնի և ԱԱԾ սահմանային զորքերի աշխատակիցների հետ, բացահայտեցին և կանխեցին հանրապետություն ապօրինի թմրամիջոց ներկրելու դեպք:
Նոյեմբերի 10-ին Սան-Պաուլո-Դուբայ-Երևան չվերթի ժամանումից հետո մաքսատան աշխատասենյակում զննության ենթարկվեց Ուկրանիայի քաղաքացի, 1973 թվականին ծնված Իլինա Շելեվերի ուղեբեռը: Նրա ճամպրուկում գտնվող հեղուկ օճառի 7 տարաներից հայտնաբերվեց մեկական փաթեթ՝ սպիտակ գույնի փոշենման զանգվածով:
Հայտնաբերվածն առգրավվեց և ուղարկվեց փորձաքննության, որտեղ էլ պարզվեց, որ ավելի քան 3 կիլոգրամ փոշենման զանգվածը «Կոկաին» թմրամիջոց է, որի արժեքը սև շուկայում կազմում է մոտ մեկ միլիոն դոլար:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ապօրինի թմրամիջոցը ձեռք էր բերվել Լատինական Ամերիկայում:
Իլինա Շելեվերը կալանավորված է:
Կատարվում է նախաքննություն: