Երևանում մեկնարկել է «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացը
Նոյեմբերի 8-ից 12-ը Միջազգային քրեական հետաքննությունների վերապատրաստման և ԱՄՆ դեսպանության ԹՊԻՀ ծրագրերի շրջանակներում Երևանում կանցկացվի «Կանայք ոստիկանության համակարգում» ուսումնական դասընթացը, որին կմասնակցեն ՀՀ ոստիկանության կին ծառայողներ։
Նոյեմբերի 8-ին դասընթացի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը։
Բացման խոսքում Արմեն Մկրտչյանը ողջունեց դասընթացի մասնակիցներին և նշեց, որ կանայք ներգրավված են ոստիկանության տարբեր ծառայություններում, և ոստիկանությունում կան կին ծառայողներ, որոնք զբաղեցնում են ղեկավար պաշտոններ ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ տարածքային մարմիններում։
Դասընթացը կտևի հինգ օր. այդ ընթացքում սեմինարների, վարժությունների, խմբային աշխատանքների և քննարկումների միջոցով մասնակիցները կստանան մասնագիտական հմտություններ։