Ոստիկանության գործառույթներին նվիրված համաժողով Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 21-ին և 22-ին Երեւանում աշխատանքն սկսեց «Ոստիկանության ծառայողների բանակցային և հաղորդակցական հմտությունները զանգվածային միջոցառումների, հասարակական կարգի ապահովման ժամանակ, ինչպես և ճգնաժամային ու բարձր ռիսկային իրավիճակներում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի անմիջական աջակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի միջեւ 2016 թվականի գործողությունների շրջանակներում:
Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետ Արմեն Սեդրակյանը, ով առանձնակիորեն կարևորեց հասարակական կարգի պահպանության և մասսայական միջոցառումների կազմակերպման ժամանակ, ինչպես և ճգնաժամային վիճակների ու բարձր ռիսկայնության իրադարձությունների դեպքում ոստիկանության ծառայողների բանակցությունների և հաղորդակցության հմտությունները կատարելագործելու և զարգացնելու նպատակով միջազգային նմանատիպ միջոցառման նշանակությունը, որը հնարավորություն կտա ծանոթանալու նշված ոլորտում գործող միջազգային պրակտիկային:
ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի բաժնի պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համատեղ իրականացվող աշխատանքը և բարձր գնահատելով փոխգործակցությունը Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի հետ՝ կարևորեց նաև միջոցառման անցկացման նշանակությունը:
Ելույթի խոսքով հանդես եկան նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի փորձագետներ Թիմ Փարսոնսը, Դեյվիդ Քլարկը և Դագլս Բլեքվուդը, ովքեր ներկայացրեցին իրենց դիտարկումները քննարկվող հարցի վերաբերյալ, ներկայացրեցին միջազգային պրակտիկան, մասնավորապես Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների փորձն այս ոլորտում:
Աշխատաժողովն անցավ կառուցողական և արդյունավետ քննարկումների մթնոլորտում: