Կանանց դեմ բռնության թեմայով սեմինար-դասընթացներ Երևանում
Նոյեմբերի 22-ից 26-ը Երևանում անցկացվում են «Ոստիկանության արձագանքը կանանց նկատմամբ բռնությանը. զոհակենտրոն մոտեցման ամրապնդում» սեմինար-դասընթացներ, որոնց մասնակցում են ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ Երևանից և մարզերից:
Միջոցառումը կազմակերպվել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Բացման խոսքով հանդես եկան ոստիկանության շտաբի միջազգային վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանն ու Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն։ Արմեն Սեդրակյանը նշեց, որ ոստիկանությունը հետևողական գործունեություն է իրականացնում կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի ուղղությամբ, և այդ գործում կարևոր է միջազգային կառույցների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Ելույթներ ունեցան նաև դասընթացավարներն ու փորձագետները։
Դասընթացների ընթացքում ոստիկանության համապատասխան ծառայության աշխատակիցները դասախոսությունների, վարժությունների ու խմբային աշխատանքների միջոցով կհարստացնեն իրենց գիտելիքները, ինչն ուղղված կլինի կանանց դեմ բռնության պայքարին։