Քրեական հետախույզները բացահայտեցին ավազակային հարձակումը
Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի Աբովյան փողոցի մի բնակիչ և հայտնել, որ երկու անձ մտել են իրենց տուն, ատրճանակով հարվածել գլխին, կապել ոտքերն ու ձեռքերը և տնից հափշտակել 800.000-1.000.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողի բնակարանում նրա ծանոթը և ընկերը ատրճանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը և ննջասենյակի պահարանից հափշտակել 1.000.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի և Նոր Նորքի բաժինների քրեական հետախուզության ծառայողները հոկտեմբերի 18-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին և 1991 թ. ծնված Նարեկ Գ.-ին, որոնք խոստովանել են կատարած հանցանքը:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով:
Ռոբերտ Ա.-ն և Նարեկ Գ.-ն ձերբակալված են:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: